Հայտնի հայ երաժիշտները՝ Արտո Թունջբոյաջյանը, Հասմիկ Պապյանը, Դավիթ Ամալյանը, Գեղամ Գրիգորյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Գոռ Սուջյանը եւ այլոք, նոյեմբերի 25-ին, ելույթ կունենան Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի 56-ամյակին նվիրված «Ես կվերադառնամ» խորագրով գալա համերգին:
Մոնթե Մելքոնյանի, մեր հասարակությունում հայ հերոսների դերակատարության, ինչպես նաեւ Մոնթեին նվիրված նոր երգերի պրեմիերաների մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսել են իրենք՝ երաժիշտները եւ համերգի կազմակերպիչ Թովմաս Մարտիրոսյանը:
Համերգի կազմակերպչի խոսքով, համերգին պրեմիերաներ կհնչեն. Վարդան Զադոյանի խոսքերով եւ Կարինե Զարիկյանի երաժշտությամբ Մոնթե Մելքոնյանին նվիրված երգ կկատարի Գոռ Սուջյանը, իսկ Դավիթ Ամալյանի կատարմամբ կհնչի հայտնի հայազգի երգահան Մարինե Ալեսի հեղինակած երգը:
Իրենց հերթին երաժիշտները խոսեցին Մոնթեի եւ մյուս հայ հերոսների կերպարի կարեւորության եւ հայ պատմության ու նոր սերնդների համար նրա ունեցած ներդրման եւ Մոնթեին նվիրված համերգի կարեւորության մասին:
«Համերգը Մոնթեին կոնկրետ պետք չէ: Համերգը ավելի շատ մեզ համար է: Այս համերգը մեզ համար նման է եկեղեցու. աղոթք անելիս պետք է ցածրաձայն անես, որ ոչ ոք չիմանա, որովհետեւ քո ասելիքը պիտի ասես, քո հոգին պետք է դնես», - ասել է հայտնի երգահան Դավիթ Ամալյանը, ով արցախյան պատերազմի մասնակից է:
Նրա խոսքով, ե'ւ Մոնթեն, ե'ւ իրենց հայրենիքը պաշտպանած բոլոր մարդին լռաձայն հանուն իրենց ազգի իրենց գործը արեցին, եւ այս համերգն էլ մասնակիցների համար պետք է եկեղեցում աղոթելու պես լինի:
Իր հերթին Հայաստանի ժողովրդական արտիստուհի, աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը նշեց, որ Մոնթե Մելքոնյանը իր համար սրբություն է, եւ նրան չափազանց հուզել է համերգի խորագիրը: Երգչուհու խոսքով, եթե այսօր Մոնթե Մելքոնյանը ողջ լիներ, գուցե, եւ հասարակության արժեքների սանդղակը այլ լիներ:
Հասմիկ Պապյանը հայտնեց, որ չափազանց ուրախ է եւ հպարտ մասնակցել Մոնթե Մելքոնյանին նվիրված համերգին:
Ասուլիսին ներկա «Կարին» ազգագրական համույթի ղեկավար, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը նշեց, որ այսօր իր հրամանատար, Արցախի հերոս՝ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է:
Խոսելով հայ հերոսների մասին՝ Գագիկ Գինոսյանը ընդգծել է, որ հարեւան երկիրները կերազեին ունենալ այնպիսի հերոսներ, ինչպիսիք ունենք մենք՝ հայերս, սակայն մեր ազգային հերոսների մասին քիչ է խոսվում այսօր, մինչդեռ հենց նրանք պետք է օրինակ հանդիսանան ձեւավորվող մատաղ սերնդի համար:
Գինոսյանը նշեց, որ Գարեգին Նժդեհից հետո արցախյան պատերազմի մասնակիցները առաջին սերունդն էին, որ կանգնեցին հայրենիքը պաշտպանելու գաղափարին, սակայն մարդիկ, կարծես, վախենում են խոսել այսպիսի գագաթների մասին:
Լիլիթ Պետրոսյան, Լուրեր Հայաստանից - NEWS.am